Հունվարի 7-ին, մեկ շաբաթում երկրորդ անգամ, Չինաստանի ֆոնդային շուկաներում դադարեցվել են գործարքները: Ֆոնդային բորսան փակվել է բացվելուց 29 րոպե հետո: Չինաստանի Ժողովրդական բանկն արժեզրկել է յուանը. մեկ դոլարն այժմ արժե 6,56 յուան, որ յուանի ամենացածր փոխարժեքն է 2011-ի մարտից: Յուանը արժեզրկվել է նաև ճապոնական իենի նկատմամբ՝ 3,5 տոկոսով, եվրոյի նկատմամբ՝ 0,8 տոկոսով: Չինաստանի այս միջամտությունը ֆոնդային շուկայում միտված է չինական արտահանումը մեծացնելուն: Փորձագետները համարում են, որ Չինաստանը շուկայական պատերազմ է հայտարարում դոլարին: Նրանք արժեզրկումը համեմատում են անցյալ տարի օգոստոսին չինական ազգային արժույթի արժեզրկման հետ: Չինաստանը ապահովում է աշխարհի տնտեսական ակտիվության 17 տոկոսը, ծախսերի կրճատումը չի կարող չանդրադառնալ այլ երկրների տնտեսության վրա: Տարածաշրջանում յուանի արժեզրկման ազդեցությունն արդեն նկատվում է. արժեզրկվել են ազգային արժույթները Հոնկոնգում, Ավստրալիայում: Կատարվածը նյարդայնացրել է հատկապես չինական ֆոնդերում ներդրումներ կատարողներին: Նրանք հայտարարում են, որ հիասթափված են չինական բորսայից: Չինաստանի արտաքին պահուստները 2015-ին կրճատվել են 513 միլիարդ դոլարով: Չինաստանից ֆինանսական միջոցների արտահոսքն արագորեն մեծանում է: Դա նշանակում է, որ աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի:
Որոշ վերլուծաբաններ նաև ահազանգում են, որ Չինաստանի տնտեսության անկման պարագայում 2008-ի օրինակով այս տարի էլ հավանական է գրանցվի համաշխարհային տնտեսական ճգնաժամ: